Ո՞վ կարող է մասնակցել մրցույթին:
3-12-րդ դասարանների ցանկացած աշակերտ: Մրցույթին մասնակցելու համար նախնական ընտրություն չի կատարվում և նախնական փուլ չի անցկացվում:
Որտե՞ղ են պատրաստվում մրցույթի համար անհրաժեշտ բոլոր նյութերը:
Մրցույթին մասնակցելու հրավեր-փաթեթները և մրցույթի անցկացման բոլոր նյութերը պատրաստվում են «Այբ» կրթական հիմնադրամում: «Այբ»-ը ինքն է կազմակերպում բոլոր նյութերի մշակումը, ձևավորումը, տպագրությունը, փաթեթավորումն ու դրանց ուղարկումը հասցեատերերին:
Որտե՞ղ է անցկացվում մրցույթը:
Մրցույթն անցկացվում է անմիջապես դպրոցներում` աշակերտների համար հարազատ վայրում: Հարկ է նկատի ունենալ մասնակիցների թվի հետ կապված հետևյալ կարգը.
- եթե միևնույն դպրոցում գրանցված մասնակիցների թիվը 40 և ավելի է, մրցույթն անցկացվում է անմիջապես այդ դպրոցում.
- եթե միևնույն դպրոցում մասնակից աշակերտների թիվը 5-ից ավելի և 40-ից պակաս է, ապա այդ դպրոցը մրցույթին մասնակցում է` մրցույթի օրը միանալով մեկ այլ դպրոցի, որի հետ նախօրոք ձեռք է բերում համապատասխան պայմանավորվածություն:
- եթե միևնույն դպրոցում մասնակիցների թիվը պակաս է 5-ից, տվյալ դպրոցը մասնակցության հայտ ներկայացնել չի կարող: 1-4 աշակերտները կարող են գնալ մեկ այլ դպրոց և գրանցվել տվյալ դպրոցի ցանկում` որպես այդ դպրոցի մասնակից:
Ինչպե՞ս են աշակերտները տեղեկանում մրցույթի մասին:
- մրցույթին մասնակցելու հրավեր-փաթեթը ստանալուց հետո դպրոցում փակցվում է մրցույթի մեկնարկի մասին պաստառ, և մրցույթի պատասխանատուն տեղեկացնում է աշակերտներին մրցույթի մեկնարկի մասին:
- հեռուստաալիքներով հեռարձակվում է հայտարարություն` մրցույթի մեկնարկի մասին:
Ինչու՞ են մասնակիցները տալիս մասնակցության վճար:
Մասնակցության վճարը ապահովում է մրցույթի կայացումը` անկախ այն վտանգող որևէ արտաքին գործոնից: Աշակերտներն իրենք են այս փոքրիկ ներդրումով իրականություն դարձնում մրցույթի կայացումը: Մասնակցության վճարներից գոյացող գումարներն օգտագործվում են բացառապես մրցույթի կազմակերպչական աշխատանքների և մրցանակային ֆոնդը ձևավորելու համար:
Որտե՞ղ են կատարում վճարումը:
Մասնակցել ցանկացողները Հայաստանում վճարումը կատարում են «ՎՏԲ-Հայաստան բանկում» «Այբ» հիմնադրամի 16044 015767700 հաշվեհամարին, իսկ Արցախում` «Արցախբանկում» բացված 223171002460 հաշվեհամարին:
Ի՞նչ է անհրաժեշտ վճարումը կատարելու համար:
Մասնակցել ցանկացող աշակերտը կամ նրա ծնողը
- աշակերտի դպրոցում մրցույթի պատասխանատուից վերցնում է վճարման վավերապայմանների թերթիկը,
- գնում է Հայաստանում «ՎՏԲ-Հայաստան բանկի» (Արցախում` «Արցախբանկի») ցանկացած մասնաճյուղ,
- հայտնում է աշակերտի անուն-ազգանուն-հայրանունը, դասարանը, դպրոցի անվանումը և վճարման նպատակը (այս բոլոր տվյալները բերված են վճարման վավերապայմանների թերթիկում),
- փոխանցում է 970 դրամը վավերապայմանների թերթիկում նշված հաշվեհամարին,
- վճարման անդորրագիրը հանձնում է իր դպրոցում մրցույթի պատասխանատուին և գրանցվում մասնակիցների ցանկում:
Հնարավո՞ր է դուրս գրել անդորրագիր միաժամանակ մի քանի երեխայի
անունով:
Անդորրագրերը կարող են դուրս գրվել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի աշակերտի անունով: Աշակերտների խմբի համար վճարելու դեպքում պետք է բանկ ներկայացնել բոլոր այն աշակերտների անունների ցուցակը, ում համար կատարվում է վճարը:
Ինչպե՞ս վարվի այն աշակերտը, ով վճարել է մասնակցության համար,
սակայն չի մասնակցել մրցույթին:
Եթե երեխան վճարել է մրցույթին մասնակցելու համար և չի մասնակցել դրան (չկա դպրոցի մասնակցության վերջնական ցանկում, կամ չկա երեխայի պատասխանների թերթիկը), ապա նա կարող է հետ պահանջել մասնակցության վճարը` դիմելով «Այբ» կրթական հիմնադրամ՝ մրցույթի օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում: Գումարը կվերադարձվի բացառապես երեխայի ծնողին` վերջինիս դիմումի հիման վրա: Դիմումի ձևը և վճարը վերադարձնելու ընթացակարգը կարելի է վերցնել «Այբ» հիմնադրամից: Նշված ժամկետից հետո գումարը չի վերադարձվում:
Ո՞վ է ստուգում մասնակիցների աշխատանքները:
Պատասխանների բոլոր թերթիկները մշակվում են «Այբ» կրթական հիմնադրամում սկաների միջոցով և մուտքագրվում համակարգիչ, ապա ստեղծված տվյալների բազան ստուգվում է մի քանի հատուկ համակարգչային ծրագրով: Ստուգված տվյալները վերջում բաշխվում են հաշվետվությունների ձևով` ըստ առանձին մասնակից դպրոցների:
Ինչքա՞ն է տևում աշխատանքների ստուգումը:
Աշխատանքների ստուգումը տևում է մոտ 5 շաբաթ, որից հետո մի քանի օրվա ընթացքում կազմվում են հաշվետվությունները:
Ինչպե՞ս են ձևավորվում հաշվետվությունները:
Ստուգման արդյունքում ձևավորվում են ընդհանուր ցուցակներ՝ ըստ տարիքային խմբերի: Այդ ցուցակների հիման վրա կազմվում են հաշվետվություններ, որոնք հետագայում ուղարկվում են մասնակից դպրոցներին: Յուրաքանչյուր դպրոց ստանում է հաշվետվություն միայն իր արդյունքների մասին: